Հայաստանի անկախության 31-ամյակի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու դեպքով առ այսօր որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. դեպքից 4 ամսից անց դեռ առերեսումներ են կատարվում։
Հունվարի 26-ին Քննչական կոմիտեում առերեսում տեղի ունեցավ զոհվածների ծնողների և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ գնդապետ Արթուր Խուդինյանի միջև, որի ժամանակ, ինչպես ծնողներն են նշում՝ ոստիկանության գնդապետն ասել է, որ ծնողներին պանթեոնի տարածքն ազատելու օրինական պահանջ չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է զոհվածների ծնողներին բերման ենթարկելուն, ապա սպան չի նշել, թե ո՞վ է նման հրաման տվել:
Հաջորդ պաշտոնյան, որ ծնողների հետ 2 օր առաջ առերեսվել է, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետավորներ) հրամանատար Հայկազ Ջոմարդյանն է:
168.am-ի տեղեկություններով, Ջոմարդյանն առերեսման ժամանակ ասել է, որ ծնողներին բերման ենթարկելու հրամանն ինքն է տվել:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Այո՛, տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Վերջին առերեսումը եղել է գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի հետ: Շատ փակագծեր չեմ կարող բացել, որովհետև մենք դրա հետ կապված որոշակի մարտավարական գործողություններ ունենք անելու, չեմ ուզում այս պահին դրանք բացահայտել: Ամեն դեպքում իր ցուցմունքն էական հակասությունների մեջ էր Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի ցուցմունքի հետ, սկսած հրամանը ստանալու պահից, իրագործման իրավաչափության պահից, վերջացրած դետալներով»:











