Հայկական կողմը գերիների ցուցակը ներկայացրել է ոչ անմիջապես և ոչ ամբողջական. Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

38

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ռազմագերիների հարցն իսկապես քննարկվել է: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս հարցը նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մի մասն է, այն քննարկվել է տարբեր հեռախոսազրույցների ժամանակ: Այս հարցով ՌԴ նախագահը զրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, այն ես եմ քննարկել երկու ԱԳ նախարարների հետ զրույցում: Այս թեման եղել է բավական տևական բանակցությունների մաս նաև հունվարի 11-ին, երբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները եկան: Սկզբում իսկապես առավելապես խնդիրներ են ունեցել հայերը. անհրաժեշտ էր, երկու կողմն էլ անհետ կորած և գերության մեջ հայտնված անձանց անուններ տան»,- ասաց նա:

Լավրովը հայտնեց, որ Ադրբեջանի ներկայացրած ցուցակում այդ անունները փոքրաթիվ էին, բոլոր նրանք, ում անունները տվել էր Ադրբեջանը, վերադարձվել են, հայկական կողմից անունները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջապես, ուստի տեղի է ունեցել փոխանակում այն անձանց, որ գերության մեջ էին հայտնվել մինչև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը:

«Այժմ հիմնական հարցն է դեկտեմբերի սկզբին Հադրութում ստեղծված իրավիճակի լուծումը, երբ նոյեմբերի վերջին հայ զինծառայողների, զինակոչիկների մեծ խումբ է այնտեղ ուղարկվել, նրանք գերի են ընկել 7-10 օր անց՝ դեկտեմբերի սկզբին, թվով 62 հոգի: Ադրբեջանական կողմը հայտարարեց, թե քանի որ այդ մարդիկ այդ շրջան են տեղափոխվել ռազմական գործողությունների ավարտից հետո, ապա հարցը պետք է այլ ենթատեքստում դիտարկել»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը:

Վերջինս նշեց, որ և նախագահ Պուտինը, և ինքը պարբերաբար բարձրացնում են հարցը, որ այս թեման ևս փակեն՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: Լավրովն ասաց, որ զրուցել է ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ գերիների վերջնական ցուցակ ճշտելու համար, պարզվել է, որ նրանց թիվը 62-ից ավել է: Այժմ խաղաղապահները հայ և ադրբեջանցի զինվորականների հետ փորձում են ստուգել այդ ցուցակը՝ անվանական. հասկանալու համար, թե որտեղ են այդ մարդիկ: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց՝ այս հարցը ավելի դժվար կլիներ լուծել, եթե չլինեին խաղաղապահները: Այժմ այս խնդրով զբաղվում են խաղաղապահները՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ