Հայելային հետքաշումը խախտում է մարդու իրավունքները․ ինչի՞ հաշվին պետք է հետ գնանք, երբ դելիմիտացիա ու դեմարկացիա չի եղել․ ՄԻՊ

84

Մենք իրականում գործ ունենք կեղծ խաղաղասիրության հետ, պատերազմից հետո մի գրամ անգամ չի նվազել ատելությունը, հայատյացության քաղաքականությունը։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ինձ համար որպես ՄԻՊ խաղաղությունը կարևորագույն, բարձրագույն արժեք է, բայց գիտեք, երբ մենք մեր իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունենք, մենք ավելի մեծ պրոբլեմների մեջ կարող ենք հայտնվել, և այս առումով ես ուզում եմ նշել, որ գլխավոր երաշխիքը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է, որը մենք պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Ես երեկ տեսա ԱԳՆ կայքում կար նորից այդ զորքերի հայելային հետքաշման գաղափարը, ես ուզում եմ ասել, որ դա սխալ քաղաքականության, մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Այս մասին այսօր՝ բնակչության անվտանգության վերաբերյալ հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ես ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել, բայց ես կարծում եմ, սա քաղաքական մոտեցում է, սխալ կենսակերպով, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է, որովհետև հարց է առաջանում մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, որտեղի՞ց պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով, մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն այն պատճառով, որ ադրբեջանական զինված ծառայողները ներկա են ֆիզիկապես իրենց պատկանող հողերում։ Մենք ունենք օրինական փաստաթղթեր, որ հաստատում են սեփականության իրավունքը, հետևաբար՝ այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները։ Լավ, հետ քաշվեցին, բա հետո մենք ինչպե՞ս ենք թողնում մարդկանց այդ վիճակում, այն էլ, երբ ադրբեջանական կողմից ընդհանրապես քաղաքացիական բնակավայր չկա, այլ մեր կողմից է, մենք թիկունք էլ ընդհանրապես չունենք այսպես ասած, կամ էդ ինչի՞ հաշվին պետք է հետ գնանք, երբ դելիմիտացիա ու դեմարկացիա էլ ընդհանրապես չի եղել»,- ասաց Թաթոյանը: