«Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքային կորստով

148
Շփման գծից Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի օկուպացիոն զորքերի հայելային հետ քաշումն ուղղակի ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է և ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ։
Ընդամենը մի քանի օրինակ՝
Կապան քաղաք։ Քաղաքի հենց մուտքի մոտ գտնվող Կապանի օդանավակայանը ներկայիս շփման գծից հեռու է ընդամենը 50-100 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, քաղաքի կենտրոնական հրապարակո՞ւմ, թե՞ մոտ 43000 բնակչություն ունեցող մարզկենտրոն Կապանն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
 Սյունիքի Խնացախ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 200-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ո՞ւր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակո՞ւմ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
Սյունիքի Կոռնիձոր գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 500 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ո՞ւր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի միջնակարգ դպրոցի բակո՞ւմ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
Սյունիքի Շուռնուխ գյուղ։ Ներկայիս շփման գիծն անցնում է գյուղի հենց միջով։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտո՞ւմ և հայաթափվելո՞ւ է։
Սյունիքի Ճակատեն գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 350-400 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի 10-րդ դարի սուրբ Հռիփսիմե եկեղեցու կամ դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
Սյունիքի Ներքին Հանդ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է 250-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ո՞ւր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի դպրոցի բակո՞ւմ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
Այս շարքը կարելի է շարունակել։ Մի քանի տասնյակ գյուղեր ու քաղաքներ են հայտնվելու աղետի առաջ։
Եզրահանգումը մեկն է․
«Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով, ինչն էլ իր հերթին անվտանգային նորանոր խնդիրներ է առաջացնելու մեզ համար, դարձնելու է մեզ էլ ավելի անպաշտպան և խոցելի։ Աղետի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ խնդիրների մասին դեռ լռում եմ․․․
Ալվինա Աղաբաբյան
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ