Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք

113

Հայաստանը շահագրգռված է Գյումրիում ռուսական ռազմաբազայի ընդլայնմամբ

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի կարողությունների ընդլայնման և զարգացման հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և հզորացման հարցը մշտապես օրակարգում է եղել։ Հայկական կողմը մշտապես դրանում շահագրգռված է եղել արդեն նաև այն պարզ պատճառով, որ բազան ամբողջ կազմով մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մեջ։ Հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար ավելացնում է համատեղ խմբավորման ներուժը, որը գործում է հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել բազայի ուժեղացման և վերազինման ուղղությամբ․ «Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը կրելու է երկարաժամկետ բնույթ»,- ասել է Հարությունյանը:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք

Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։

«Ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Այդ համատեքստում հարցի համատեղ մշակում է տարվում»,- նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը։