Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա. ԱԳ նախարար

23

Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա. Հայաստանը կատարել է իր մարդասիրական պարտավորությունը։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` ի պատասխան հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին։

Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե կան արդյո՞ք ադրբեջանցի գերիներ ՀՀ–ում և եթե չկան, ինչի՞ դիմաց ենք կառուցողական դաշտ բերելու Ադրբեջանին, որպեսզի իր պարտավորությունները կատարի և մեր 188 գերիներին վերադարձնի։

«Հայ գերիների թիվը, որ նշեցիք, ուզում եմ հստակեցնել, որ մեր գերիների թիվը 188 չէ. այդ թիվը նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, և դատարանը տեղեկություններ է պահանջել այդքան անձի առնչությամբ։ Մեր գերիների թիվը տարբեր է, սակայն ես հիմա այդ թիվը չեմ հնչեցնի»,–ասաց Այվազյանը։

Նախարարը նշեց, որ միջազգային ճնշման արդյունքում Ադրբեջանը հասկացել է, որ գերիների վերադարձը կլինի շատ կարևոր քայլ վստահության մթնոլորտի վերաձևավորման և վերահաստատման գործում։