Հայաստանով ճանապարհ տրամադրել՝ նշանակում է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ քայլ անել․ Մարուքյան

5
Էդմոն Մարուքյան

Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի, փախստականների հարցը քննարկվել է, բայց դա դեռ հարց է՝ ադրբեջանցիները գալո՞ւ էին այդտեղ թե ոչ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ նույն իրավիճակում մենք ենք հայտնվել՝ Հադրութի պարագայում։ Մոտավորապես 15 հազար մարդ է ապրել Հադրութում և հարակից շրջաններում։ Հարցրեց՝ հայկական կողմը պահանջե՞լ է Հադրութ վերադառնան մեր փախստականները։

Պատգամավորն ասաց, որ իշխանությանը հնարավորություն չեն տալու որևէ օրենք կիրառի իրենց նկատմամբ, որը կխանգարի ընդդիմադիրների սկսած պրոցեսներին, քանի որ շատ կարճ ժամկետներ են սահմանվել ստորագրված փաստաթղթով։

«Այս պրոցեսներն արագ են ընթանում, վերջնաժամկետները արագ են սահմանված։ Երեկ Մարտակերտի շրջանի 7 գյուղից ասել են դուրս եկեք, հնարավոր էր արդյոք բանակցել, ձայն բարձրացնել, այդ գյուղերի հետ հարցը կարգավորել, բայց ԱԳ նախարար չունենք, ունենք վարչապետ, որը երկիրը հասցրել է սրան։ Երկիրը չի ստաբիլանալու, քանի դեռ պարտության սիմվոլ վարչապետը մնալու է»,- ասաց նա։

Անդրադառնալով փաստաթղթի 6-րդ և 9-րդ կետերին՝ Մարուքյանը վստահեցրեց, որ Հայաստանով ճանապարհ տրամադրել՝ նշանակում է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ քայլ անել։ Հնարավոր է ժամանակը գա և դրա հետ կապված քրեաիրավական գնահատական տրվի։