Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Սյունիքի մարզով անցնող ավտոճանապարհի շուրջ․ Известия

187

Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել Սյունիքի մարզով անցնող ավտոճանապարհի շուրջ, որով Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան երթևեկելու ուղի է ստանալու։ Այդ մասին ռուսական Известия-ին հայտնել է բարձրաստիճան իրազեկ աղբյուրը։ Ըստ այդ աղբյուրի՝ մնացել է համաձայնեցնելու 6 կիլոմետր երկարությամբ հատվածը։

«Ադրբեջանն ու Հայաստանը արդեն վաղուց պայմանավորվել են դեպի Նախիջևան երկաթուղային միջանցքի շուրջ՝ դեռ նախորդ տարվա աշնանը։ Երևանում ավտոմոբիլային ճանապարհի շուրջ վերցրել էին երկար դադար։ Սակայն հունիսի 3-ին, փոխվարչապետների վերջին հանդիպման ժամանակ, կարողացել են համաձայնեցնել ապագա մայրուղու երթուղին, բացառությամբ 6 կիլոմետրանոց հատվածի։ Այնտեղ լեռներ են և ռուսական «Автодор»-ը այնտեղ է ուղարկում մասնագետների, որպեսզի նրանք առաջարկեն հեշտ ինժեներական լուծում»,- բացատրել է զրուցակիցը։

Ըստ ռուսական պարբերականի՝ ավտոմայրուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետի երկայնքով։ Մնացած հատվածում, զրուցակցի խոսքով, կգործարկվեն խորհրային հին ճանապարհները, որոնք Զանգեզլանի շրջանը մինչև 1992 թվականը Հայաստանի տարածքով կապում էին Նախիջևանին։ Վերջինս հավելել է, որ այդ ճանապարհները պահպանվել են ապագա մայրուղու գրեթե ողջ երկայնքով, մնում է միայն Հայաստանի և Նախիջևանի սահմանին առկա հատվածը։

Նույն աղբյուրը հավելել է, որ հայկական կողմն արագացրել է բանակցային գործընթացն, երբ Բաքուն այս տարվա մարտին հուշագիր էր ստորագրել Թեհրանի հետ Արցախի իր վերահսկողության տակ անցած տարածքներից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման շուրջ, որը պետք է անցնի իրանական տարածքով։

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։