Հայաստանն առաջին անգամ չի մասնակցի «Տանկային բիաթլոն»

9

2013թ․ սկսած առաջին անգամ Հայաստան չի մասնակցի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանի խոսքով՝ այս տարի ուղղակի նպատակահարմար չէր մասնակցությունը։ Բայց Հայաստանը ուշադիր հետևելու է մրցումների ընթացքին։

«Կուսումնասիրենք մրցույթում տեղ գտած բովանդակային և կատարողական փոփոխություններն ու հաջորդ տարի կմասնակցենք միանգամից մի քանի փոխադրամիջոցների բիաթլոնների»,- ասաց Ստեփանյանը:

Մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում։

Հիշեցնենք, որ Հայաստանն ամենամյա այս բիաթլոնին մասնակցում է 2013 թվականից։ 2014-ին Հայաստանի տանկիստների թիմը գրավել էր «Տանկային բիաթլոնի» երկրորդ հորիզոնականը և մրցանակ ստացել Տ-90Ս տանկ։