Այսօրվա կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ կորոնավիրուսի դեպքերի վիճակագարական տվյալներին։
Վարչապետի խոսքով՝ երկրներ կան, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են համաճարակի ակտիվ փուլ։
«Ուզում եմ ընդգծել, որ երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ ըստ էության, հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել։ Սա, ըստ էության, այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք, և այս առումով է կարևորվում դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է տուգանքներին, Փաշինյանը նշեց. «Այո, մենք ասում ենք, որ այդ թվում ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Եվ այս ճանապարհին մենք շատ հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ, և մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակներ կրեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Եվ մենք պետք է ապահովենք, քաղաքացների գիատակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ հանրային կոմունիկացիայով»,-ընդգծեց նա։











