Հայաստանի համար շահեկան կլինի միայն 1926 թվականի քարտեզով սահմանագծում անելը․ Ռուբեն Գալչյան

815

«Եթե նման բան տեղի ունենա, ապա հայկական կողմը պետք է հղում անի բացառապես 1926 թվականին տպագրված Խորհրդային Միության քարտեզին, այդ քարտեզը շահեկան է Հայաստանի համար»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային քարտեզներով սահմանագծում և սահմանազատում իրականացնելու վերաբերյալ ակտիվացած լուրերի համատեքստում։

«Եթե մենք խոսում ենք 1926 թվականի քարտեզի մասին, ապա դա շահեկան է Հայաստանի համար։ Այստեղ Հայաստանը միացած է Լեռնային Ղարաբաղին և միայն Աղավնո գետով է բաժանվում։ Կապանի օդանավակայանի տարածքը Հայաստանի տարածքում է, Շուռնուխի շրջանը հայկական է, անկլավներ էլ գոյություն չունեն, Արծվաշենը Հայաստանինն է։ Սա նշանակում է, որ այս քարտեզով անկլավների թեման փակվում է, Ալ լճերն էլ Հայաստանինն են։ Հետևապես՝ մինչև հստակ չիմանանք, թե ո՞ր թվականի քարտեզին են հղում անելու սահմանագծման և սահմանազատման ժամանակ, անհնար է հստակ որևէ բան ասել։ Պարզապես պնդում եմ՝ քանի որ Պուտինն ասում է, որ այդ քարտեզները միայն իրենք ունեն, դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է հենց 1926 թվականին տպագրված, իմ ասած այս քարտեզին, որովհետև Խորհրդային Միությունում որևէ քարտեզ չէր կարող տպագրվել, եթե դա չէր վավերացվել մի շարք գերատեսչությունների կողմից, իսկ այս քարտեզից, ՌԴ-ից բացի, բացառությամբ Վրաստանի, որևէ այլ երկիր չունի։ Մենք էլ չունենք»,- ասել է քարտեզագիրը։

Նա ընդգծել է նաև, որ սահմանագծումն ու սահմանազատումը 1975-1976 թվականների քարտեզներով իրականացնելու դեպքում անկլավների հարց կառաջանա, ինչը շահեկան չէ Հայաստանի համար։

«Հայաստանի համար նվազագույն կորուստներ կարող է բերել 1926 թվականի քարտեզով սահմանագծում անելը, որով Սոթքից Խոզնավար հատվածում առաջ եկած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ևս պետք է հետ քաշվեն, պետք է հետ քաշվեն Սև լճի 90 տոկոսից, որովհետև այն մայիսից վերահսկում են կեղծ քարտեզներին հղում անելով»,- ասել է Ռուբեն Գալչյանը։