Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կքննարկեն Ղարաբաղի հարցը

78

Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանել են արդեն Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը՝ Ղարաբաղյան կարգավորման թեմայով։ Այս մասին հայտնում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական կապերի բաժնի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Գարեգին 2-րդը կհանդիպի Կիրիլ պատրիարքի հետ։ Արդեն վաղը՝ հոկտեմբերի 13-ին, տեղի կունենա եռակողմ հանդիպումը։ Հանդիպման օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը․ Հարավային Կովկասում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների խաղաղասիրական առաքելությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է որ Ադրբեջանի կրոնական առաջնորդին Մոսկվայում դիմավորել է ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավարի տեղակալ վարդապետ Ֆիլարետ Բուլեկովը, ինչպես նաեւ Մոսկվայում ադրբեջանական դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։