թուրքական «HaberTürk»-ի եթերում Հայաստան–Ադրբեջան սահմանին լարվածության աճի մասին քննարկում է անցկացվել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասի մասնակցությամբ:
Ուրասի խոսքով, կարևոր չէ՝ ով է նախահարձակ եղել, կարևորը արագ լուծում գտնելն է խնդրին:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ (2017թ․) ինքն անձամբ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, ինչին Ադրբեջանը շատ խիստ էր արձագանքել։
Habertürk-ի թղթակից Նագեհան Ալչըն հավելել է, որ ինքն էլ նույն արձագանքին է արժանացել և տարիներ շարունակ չի կարողացել Ադրբեջան մեկնել, քանի որ «անցանկալի անձ» («persona non grata») է ճանաչվել։ Նշենք, որ Ալչըն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ է այցելել 2009թ․։
Ուրասը զարմանալի է համարել Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնանկությունը, ինչպես նաև այդ երկրում տեղի ունեցող ցույցերը․ «Մի կողմից Բաքվում մարդաշատ ցույցեր են տեղի ունենում, մյուս կողմից՝ նրանք բողոքում են զորահավաքի դեմ», – նկատել է թուրք քաղաքական գործիչը։
«Բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր երկրում կան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքացիներ։ Այնպես որ, այս նրբությունները հաշվի առնելով, պետք է խնդրի լուծում առաջարկենք, դա է մեզ վայել» – հավելել է Ուրասը։
Իսկ հաղորդման մյուս հյուրը՝ սյունակագիր Օրալ Չալըշլարը, այն տեսակետն է հայտնել, որ Թուրքիան պետք է խուսափի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ որոշակի կողմում հանդես գալուց և Ադրբեջանին այդքան բուռն աջակցելու փոխարեն զբաղվի սեփական խնդիրներով։











