Հաղթանակ տոնելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը թերևս անում է նույն սխալը, ինչ արել է Հայաստանի ղեկավարությունը. Զատուլին

1087
Կոնստանտին Զատուլին

Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության արդյունքների, «հաղթածների» և «պարտվածների», Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին «Ноев Ковчег» թերթի խմբագրությանը պատմել է ՌԴ Պետդումայի քաղաքացիության և միգրացիայի գծով հատուկ նախագահ, Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, միջազգային «Լազարևյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը:

– Կոնստանտին Ֆեոդորովիչ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման շնորհիվ պատերազմն ավարտվեց: Ձեր կարծիքով՝ ընդմի՞շտ:

– Ցանկալի է, իհարկե, պաշտպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միտքը. «Հուսով եմ, որ կոնֆլիկտ բառը կմնա անցյալում»: Ցավոք սրտի, ելնելով բոլոր հանգամանքներից, այդ առումով ես լիակատար վստահություն չունեմ: Այսօրվա համաձայնությունը  պատերազմի արդյունքն էր, որը սկսել է Ադրբեջանը՝ խախտելով 1994 թ. պայմանավորվածությունները կոնֆլիկտի գոտում հրադադարի մասին: Ադրբեջանի գործողությունները չեն դատապարտվել, նա պատիժ չի կրել ստատուս քվոյի խախտման համար: Հակառակը՝ ռազմական գործողությունների արդյունքներով Ադրբեջանը հաղթանակ է տոնում:

Կարծում եմ՝ հաղթանակ տոնելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը թերևս  անում է նույն սխալը, ինչ արել է Հայաստանի ղեկավարությունը, երբ ապավինելով Լեռնային Ղարաբաղի շուրջն ստեղծած անվտանգության գոտուն, համարում էր, որ ռազմական ռևանշը հազիվ թե հնարավոր է: Այսօր Հայաստանի կողմից ռազմական ռևանշը հեռու է այնքան, որքան «չինական զատիկը»: Բայց ինչպես ասում է մի հայտնի կինոնկարի հերոսը, «երբեք մի ասա երբեք»:

Այդ տեսանկյունից ստորագրված համաձայնության որոշ դրույթներ «ցանված են վիշապի ատամներով» [թշնամանք են սերմանում- թրգմ.]: Ես արդեն հիշատակել եմ  Կոլխիսում արգոնավորդների արկածների մասին այդ հին առակը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի առիթով: Այն պատմում է, որ ցանված վիշապի ատամներից նորանոր  զինվորներ էին աճում: Ժամանակին հայերը «ցանեցին» վիշապի ատամները՝ վերցնելով ԼՂՀ-ի շրջակա յոթ շրջան, և դրանք «ծլեցին» սեպտեմբերյան պատերազմում: Այսօր տպավորություն է ստեղծվում, որ վիշապի ատամները ցանել է Ադրբեջանը Թուրքիայի հետ: Որոշակի հանգամանքներում այդ ատամները նորից կարող են «ծլել», և փխրուն խաղաղությունը կխախտվի:

Իհարկե, այսօր նման սցենարի հավանականությունը շատ ավելի փոքր է, քան առաջ: Ղարաբաղում գտնվում է ռուսական խաղաղապահ զորքը: Բայց հետխորհրդային տարածության նորագույն պատմության մեջ մենք ականատես ենք եղել, թե ինչպես խաղաղապահ ուժերի ներկայությամբ իսկ ռազմական գործողություններ ձեռնարկելու և պատերազմի միջոցով տարածքային վեճը սեփական օգտին լուծելու փորձեր են եղել: Հիշենք 2008 թվականը. չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը՝ հարձակում կատարվեց նրանց և Հարավային Օսիայի վրա: Այդ քայլի հետևանքները հայտնի են:

Այստեղից էլ Արցախի Հանրապետության ինքնորոշման հարցի արդար լուծման մշտական պահանջմունքը:

– Ձեր կարծիքով՝ համաձայնությունը կկատարվի՞:

– Ես ստորագրված համաձայնության պայմանների պարտադիր կատարման կողմնակից եմ: Հայաստանն այսօր պատրաստ չէ ռազմական գործողությունների վերականգնմանը: Բայց Ղարաբաղում հաստատված խաղաղությանը ես մոտավորապես վերաբերվում եմ այնպես, ինչպես բոլշևիկները՝ Բրեստի խաղաղությանը: Ստորագրող, ավելի ճիշտ՝ դրա ոգեշնչող Վլադիմիր Լենինը Բրեստի խաղաղությունն անվանում էր «խայտառակ»: Այնուամենայնիվ այն կնքվեց:

Տվյալ համաձայնության ամենակարևոր արդյունքը ես համարում եմ սպանությունների դադարեցումը և ռուսական խաղաղպահների տեղակայումը Ղարաբաղում: Ինչ վերաբերում է այդ համաձայնության արդարությանը կամ անարդարությանը, ես հեռու եմ այն բոլոր առումներով սպառիչ համարելու մտքից: Նախ և առաջ՝  Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության՝ հայերի ձեռքին մնացած հատվածի անորոշ կարգավիճակը:  Նախկին պայմանավորվածությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանների վերադարձն ամրագրված էր անհապաղ կամ անմիջապես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման՝ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հետ մի փաթեթում: Ներկայիս համաձայնությունում այդ մասին խոսք չկա: Հազիվ թե այդ հարցի ընդգրկումը հնարավոր լիներ Հայաստանի պատերազմական դրության պայմաններում: Ըստ էության՝ այդ շրջանների հանձնումը մարտական գործողությունների դադարեցման հատուցումն է, բայց ոչ հակամարտության կարգավորման:

– Կարո՞ղ էր Ռուսաստանը հենց սկզբում դադարեցնել պատերազմը:

– Ռուսաստանը հենց սկզբից փորձում էր դա անել: Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ Ռուսաստանը պահանջեց դադարեցնել ռազմական գործողությունները: Որոշակի քայլեր է ձեռնարկել դիվանագիտական մակարդակով  հրադադարի համար: Ռազմական գործողությունները սկսվելուց հետո առաջին շաբաթում հրադադարը հայտարարվել է, բայց չի կատարվել, և ռազմական գործողությունները շարունակվել են:  Պատերազմը շարունակվել է, ուզում եմ նշել, Ադրբեջանի նախաձեռնությամբ, որը բանակցությունների ընթացքում հրաժարվում էր հակամարտության գոտում դիտորդներ տեղակայելու հարցի համաձայնությունից: Իսկ եթե չկան դիտորդներ, կարելի է խախտել զինադադարը և շարունակել փոխադարձ մեղադրանքների գիծը: Դա էլ տեղի է ունեցել, ռազմական գործողությունները շարունակվում էին: Պատերազմի ընթացքում այդ սցենարը  կրկնվել է մի քանի անգամ:

Ռուսաստանը գործադրել է ոչ միայն քաղաքական և դիվանագիտական ջանքեր: Ռուսաստանը ռազմա-տեխնիկական օգնություն է ցույց տվել Հայաստանին: Իսկ Հայաստանը և Ղարաբաղը «հաղորդակից անոթներ» են, Հայաստանի կառավարությունը Ղարաբաղի պաշտպանության ապահովման աշխատանքն անհրաժեշտ կերպով չի կազմակերպել: Այն ռազմատեխնիկական օգնությունը, որ տեղ է հասել, շատ հավանական է, նպաստել է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, բայց նրա ազդեցությունը ռազմական գործողությունների ընթացքի վրա Ղարաբաղում բավարար չի եղել:

Բացի այդ, Ղարաբաղում կիրառվել են պատերազմի վարման նոր միջոցներ, մասնավորապես՝ անօդաչուներ, որոնց, ինչպես պարզվեց, հայկական կողմը պատրաստ չէր: Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար դա ցավոտ դաս եղավ:

Ինձ համար բացարձակ անակնկալ դարձավ, օրինակ, Շուշիի հանձնումը վերջին փուլում: Ինչպես հասկանում ենք, հենց Շուշիի կորուստը եղավ այն վերջին կաթիլը, որ ստիպեց Հայաստանի ներկայիս կառավարությանն ու նրա ղեկավարին գնալ այդ համաձայնությանը:

Զինված հակամարտության ընթացքում ես հանդես եմ եկել Ռուսաստանի ներկայության ուժեղացման օգտին, որպեսզի վճռականորեն ճեղքվի Հայաստանի շրջափակումը: Այդ շրջափակմանը մասնակցել է Վրաստանը, նրան փաստացի միացավ նաև Իրանը: Կարծում եմ՝ այդ հարցում Ռուսաստանը կարող էր ավելի վճռական գործել: Թեպետ «ամեն ոք իրեն ստրատեգ է կարծում՝ մարտը տեսնելով կողքից»: Ես վստահում եմ ՌԴ նախագահի գործողություններին, որը առավելագույն ջանքեր գործադրեց ռազմական գործողությունների դադարեցման համար:

Մի հանգամանք է անհանգստացում. Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում կարծես խմորիչով ուռճացավ Թուրքիայի ազդեցությունը: Թուրքիայի ներկայությունն այդ տարածաշրջանում ոչ մի կերպ չի համապատասխանում Ռուսաստանի շահերին: Ռուսաստանն այսօր ստիպված է հաշվի առնել նոր իրողությունները:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Հայաստանը պարտվեց պատերազմում: Որքանո՞վ ռուս-հայկական հարաբերությունների թուլացումն ազդեց ելքի վրա:

– Հայաստանը ռազմական և դիվանագիտական պարտություն է կրել: Պատճառները մի քանիսն են: Ռազմական պատճառն այն է, որ Հայաստանը պատրաստվել է երեկվա պատերազմին, ոչ այսօրվա: Հիմա տեղին է հարց տալ, թե առհասարակ պատրաստվել է արդյոք Հայաստանը ռազմական գործողություններին: Միանգամայն ակնհայտ է, որ հանրապետության կառավարությունը ցույց տվեց տարածքների պաշտպանունակության ապահովման իր լիակատար սնանկությունն ու անկարողությունը:

Ադրբեջանը լիովին օգտագործեց Ռուսաստանի և Հայաստանի կապերի թուլացման գործոնը, ես կասեի՝ մեր երկրների քաղաքական էլիտաների փոխհարաբերություններում վստահության թուլացումը: 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության եկան անպատրաստ մարդիկ, նրանց նախկին դիրքորոշման տեսանկյունից, որի մասին բոլորը, ներառյալ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էին քաղաքական ասպարեզում, կասկածելի մարդիկ: Կարծում եմ՝ այդ հանգամանքը շատ լավ զգաց Ադրբեջանի ղեկավարությունը, որ  վերջին շրջանում ձգտում էր ամրապնդել կապերը Մոսկվայի հետ, «մտնել բոլոր արանքները», ցույց տալ իր ներկայությունն ու համագործակցելու ցանկությունը:

Սակայն Ադրբեջանի այդ գիծը ոչ մի կերպ չի վերացնում այն փաստը, որ նա տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուղեկիցն է և Ռուսաստանի հետ «ընկերություն» է անում ոչ այն պատճառով, որ նրա աշխարհաքաղաքական դաշնակիցն է: Ադրբեջանին պետք է վնասազերծել իրեն Ռուսաստանի կողմից: Հարկ է խոստովանել, որ այդ առումով Ադրբեջանը որոշակի հաջողությունների հասավ: Ես կարող եմ ասել այդ մասին, քանի որ ինքս էլ իմ մաշկի վրա զգում եմ Ադրբեջանի լոբբիստների, ադրբեջանական պաշտոնական կառույցների, ադրբեջանական համայնքների չդադարող ճնշումն այն պատճառով, որ արտահայտում եմ իմ անկախ տեսակետը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով: Վիրավորանքներ, հարձակումներ, մատնություններ, սադրանքներ:

Այն դեպքում, երբ Ադրբեջանը  հեղեղում էր իր նախաձեռնություններով քաղաքական, տնտեսական և անգամ մշակութային ոլորտները, Հայաստանի ղեկավարությունը զբաղված էր իր ներքին քաղաքական հակառակորդների հաշվեհարդարով: Եվ դա շարունակվում էր նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ: Ես տեղյակ եմ, որ շատ հայ քաղաքական և ռազմական գործիչներ, որոնք հեղինակություն են վայելում, գիտելիքներ ու փորձ ունեն, ցանկանում էին և կարող էին գործուն մասնակցություն ունենալ Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության կազմակերպման հարցում Ադրբեջանի հարձակումից հետո: Բայց Հայաստանի ղեկավարությունը կա՛մ թույլ չի տվել նրանց, կա՛մ հեռու է պահել: Հայաստանի ղեկավարությունը պատերազմի սկսվելուն մակերեսորեն, թեթևամտորեն է վերաբերվել: Ազգային միասնության, համագործակցության փոխարեն շարունակվել է իշխանության՝ Փաշինյանին համաձայն չլինողների քաղաքական անտեսումն ու մեկուսացումը, նրանց օտարումը Արցախի պաշտպանությանը և հայ բնակչության անվտանգության ապահովմանը մասնակցելուց:

– Համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնության՝ Ղարաբաղի կարգավիճակը անորոշ է: Ադրբեջանի նախագահն արտահայտվել է Ստեփանակերտի համար ազգային-մշակութային ինքնավարության ստեղծման հնարավորության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պլանները:

– Ադրբեջանի նախագահն ինքնավստահ է: Նախկինում էլ Ադրբեջանի իշխանությունները հռչակել են տարածքների անբաժանելիությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում և հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման դեմ: Ես կարծում եմ, որ Ալիևի խոսքերին հավատալը կամ չհավատալը Լեռնային Ղարաբաղի հայերի մենաշնորհն է: Շատ տարօրինակ կլիներ, եթե նրանք հավատային նրան: Զանգվածային փախուստը Ադրբեջանին հանձնված շրջաններից՝ ուղեկցվելով գույքի ոչնչացմամբ, տանելով այն ամենը, ինչ հնարավոր է, ընդհուպ նախնիների գերեզմանները, հաստատում է, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի բնակության պլանները մշակութային ինքնավարության պայմանով բացարձակապես անիրատեսական է:

– Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը Հայաստանում պարտությունից հետո: Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա:

– Իհարկե, ես իմ կարծիքն ունեմ այդ կապակցությամբ: Բայց չէի ուզենա այն քարոզել, որպեսզի ցանկացողներին առիթ չտամ խոսելու «Հայաստանի ներքին գործերին միջամտելու» մասին:

– Այնուամենայնի՞վ:

– Կարծում եմ՝ տարօրինակ կլիներ, մեղմ ասած, եթե կառավարությունը, որ այդպիսի կոպիտ սխալներ է թույլ տվել իր հաշվարկներում և բացարձակ անկարող է եղել, ընդունվեր հայ ժողովրդի կողմից, որ ուղղի սխալները, վերականգնի նյութատեխնիկական և ամենակարևորը՝ բարոյահոգեբանական հիմքերը Հայաստանի գործունակությունը, ազգային ոգին վերածնելու համար:

Ես հասկանում եմ, որ  բոլոր մասնակիցները, որոնք ստորագրել են այդ համաձայնությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը, պարտավորվել են իրենց ստորագրությամբ կատարել այն: Այդ համաձայնության յուրաքանչյուր խախտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգներ է ստեղծում: Բայց դա բնավ չի նշանակում, որ Հայաստանի գործող կառավարության մանդատը պետք է անվերջ երկարացվի սոսկ այն հիմնավորմամբ, որ նրա ղեկավարը հավակնում է համաձայնության կատարման երաշխավորը լինել: Կարծում եմ՝ Հայաստանի բոլոր առողջ ընդդիմադիր ուժերը հաշիվ են տալիս իրենց, որ համաձայնության կատարումը այլընտրանք չունի: Խորհրդատվությունները, որ վերջերս մենք վարեցինք մեր հայ գործընկերների հետ Մոսկվայում՝ Լազարևյան ակումբի շրջանակներում, վկայում են համաձայնությունը կատարելու անհրաժեշտությունը գիտակցելու մասին: Բայց ինչպես արդեն ասացի, դա չի նշանակում, որ կառավարության ղեկավարին ամեն ինչ տապալելուց հետո իշխանության ղեկին անսահմանափակ ժամկետով լինելու ինդուլգենցիա է տրվել:

– Ինչո՞ւ է Արևմուտքը լոյալ վերաբերվում Թուրքիայի ագրեսիվ գործողություններին Միջերկրական ծովումՄերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

– Ես չէի ասի, թե ողջ Արևմուտքը լոյալ է վերաբերվում Թուրքիայի ագրեսիվ գործողություններին, Արևմուտքը միասնական չէ այդ հարցում: Թուրքիայի և Արևմուտքի առաջատար երկրների միջև շատ լուրջ հակասություններ կան, որոնք հրահրվել են հենց Թուրքիայի կողմից: Թուրքիան ջանում է իրականացնել «իսլամական թիվ 1 պետություն» գաղափարը: Ինքը՝ Էրդողանը, ցանկանում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը՝ Օսմանյան կայսրության վերստեղծողը նոր ձևաչափով: Այդ ձգտումով են պայմանավորված նրա բոլոր գործողությունները միջազգային ասպարեզում: Այդ ձգտումը խնդիրներ է ստեղծում Թուրքիայի սահմանների ողջ երկարությամբ, Եվրոպայում և Ասիայում: Մենք տեսնում ենք հակամարտությունը Լիբիայում, որում Թուրքիան ներգրավված է, կիպրոսյան ճգնաժամի շարունակությունը և խորացումը՝ կապված Կիպրոսի ծանծաղուտում նավթ արդյունահանելու ցանկության հետ, Թուրքիայի և Հունաստանի, Թուրքիայի և Եվրոպական միության, Թուրքիայի և Ֆրանսիայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածության սրացումը:

Որոշ արևմտյան երկրներ դեմ չեն Թուրքիային և Ռուսաստանին բախման հրահրելուն, մյուսները, դրա հետ մեկտեղ, խուսափում են Թուրքիայի ագրեսիվ գործողությունները դատապարտելուց: Խոսքը նախ և առաջ Մեծ Բրիտանիայի մասին է, այդ երկրի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին, որ Չերչիլի երկրպագու է և անգամ գիրք է գրել նրա մասին: Ջոնսոնը ոգեշնչվում է Չերչիլի գաղափարներով, որը փորձում էր շարունակել Անգլիայի ավանդական քաղաքականությունը, սիրահետում էր Թուրքիայի հետ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում փորձում էր ներգրավել նրան իր պլաններում:

Թուրքիան վարում է բազմավեկտոր, երկդիմի, երեսպաշ քաղաքականություն: Նա եղել և մնում է ՆԱՏՕ-ի անդամ տարածաշրջանում: Արևմուտքը կարող է հավատալ կամ չհավատալ, բայց նրան ձեռնտու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածության սրումը և անգամ նրանց բախումը: Այդուհանդերձ Թուրքիայի քաղաքականության շատ կողմեր ձեռնտու չեն Արևմուտքին:

– Ի՞նչը հատկապես:

– Չափից ավելի ինքնուրույնությունը, կարգապահությանը չենթարկվելը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Որոշ դեպքերում Թուրքիան ուղղակիորեն հակադրվում է Հյուսիսատլանտյան բլոկի մյուս անդամներին, օրինակ՝ Ֆրանսիային և Հունաստանին:

Ֆրանսիան առավել ակտիվ, հրապարակային է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հայերի աջակցությամբ: Թեպետ ոչ մի փամփուշտ, ի տարբերություն Ռուսաստանի, Ֆրանսիան Հայաստանին չի տվել: Ե՛վ փողով, և անվճար: Իսկ Ռուսաստանը, որին ոմանք կշտամբում են այն բանի համար, որ հապաղել է, ինչպես արդեն ասացի, ողջ ռազմական հակամարտության ընթացքում, չնայած շրջափակմանը, շարունակել է Հայաստանին զենք մատակարարել:

– 2020 թվականը Հարավային Կովկասի համար փոթորկոտ էրԴեպքերի ի՞նչ զարգացումներ եք տեսնում այս տարածաշրջանում:

– Կարծում եմ՝ Ռուսաստանի շահերը Կովկասում այսօր ընդհանուր առմամբ վտանգի տակ են: Ռուսաստանն արդյունավետ քայլ արեց՝ սկսելով խաղաղարար գործողությունը: Բայց այդ քայլը չպետք է մոռացնի տարածաշրջանում Թուրքիայի հայտնվելու փաստը: Հայաստանի՝ Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակցի պարտությունն ինքնին բուն Ռուսաստանի շահերի լուրջ պարտությունն է տարածաշրջանում: Ռուսաստանի ազդեցությանը տարածաշրջանում նոր լրացուցիչ սպառնալիքներ են առաջացել:

Այո, Ռուսաստանը տեղակայել է Ղարաբաղում իր խաղաղապահ ուժերը: Բայց բուն Հայաստանում փոթորկալից գործընթացներ են, Ռուսաստանի քաղաքականության հակասական ընկալումներ կան թե՛ դաշնակիցների, թե՛ ասենք՝ մրցակիցների շրջանում: Իսկ ամենագլխավորն այն է, որ Ադրբեջանը, որի հետ հարևաններ ենք, այսօր Թուրքիայի ազդեցության խողովակն է և զգալիորեն «պարտք է մնացել» Թուրքիային, քանի որ ադրբեջանական ռազմական գործողությունները փաստացի ղեկավարում էր Թուրքիան, էլ չասենք թուրքական սպառազինության, առաջին հերթին անօդաչուների մասին: Այդ տեսանկյունից իրավիճակը Հարավային Կովկասում ենթադրում է ազդեցության համար ուրիշ ձևերով պայքարի շարունակություն. հաղորդակցության միջոցներ, տրանսպորտային միջանցքներ, դիրքավորում:

Պայքարը Կովկասի համար նոր փուլ է մտնում: Հուսով եմ, որ այն այնքան արյունահեղ չի լինի, ինչքան ներկայիս պատերազմը Ղարաբաղում, բայց որ այն արդեն մղվում է և Ռուսաստանն արդեն մտել է այդ պայքարի մեջ, ես կասկած չունեմ:

– «Ноев Ковчег» թերթի, novostink.ru կայքէջի ընթերցողների շրջանում դուք  սեր և հեղինակություն եք վայելումԻ՞նչ կմաղթեիք մեր ընթերցողներին Նոր տարվա շեմին:

– Բոլորին երջանկություն և առողջություն եմ մաղթում: Առողջության մաղթանքը մեր օրերում հատկապես արդիական է: Այդ ավանդական մաղթանքներին կուզենայի ավելացնել ևս մեկը.  հնարավորինս արագ ձերբազատվել ցնցումից, որ ապրում է, վստահ եմ, ամբողջ աշխարհի հայությունը: Հնարավորինս արագ հաղթահարել ներքին դժվարությունները, հավատալ սեփական ուժերին և հուսալ, որ եկող տարին կընդհատի Հայաստանի և Արցախի ներքին և արտաքին պարտությունները:

Եկող 2021 թվականը պետք է նշանավորի հայերի կյանքի հեռանկարը պատմական Հայրենիքում:

Զրույցը վարել է Գրիգորի Անիսոնյանը

30 նոյեմբերի 2020 թ.