Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աստղիկ Խառատյանի, կազմով դատավորներ Սլավիկ Թորոսյանի և Դավիթ Սերոբյանի, մերժել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցադիմումը մերժելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ 2018թ նոյեմբերի 20-ին Վահագն Հարությունյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտության համար։ Հայցադիմումի պատճառ է եղել Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելուց մեկ օր անց Սասուն Խաչատրյանի՝ լրագրողների հետ զրույցում արված հայտարարությունը, թե գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերը ու կոտրվի գործի ողնաշարը։ Վահագն Հարությունյանը Խաչատրյանի տվյալ հայտարարությունը համարել է որպես զրպարտություն և դատարանից պահանջել՝ պարտավորեցնել Խաչատրյանին հերքելու զրպարտություն համարվող տեքստը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2019թ դեկտեմբերի 19-ին մերժել էր հայցը, ինչն էլ վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ։











