ՀԱՊԿ-ն վերջապես արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: ՀԱՊԿ Քարտուղարության հայտարարությունը փոխանցել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ Քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ, որն առաջացել է հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, այդ թվում՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ կան»,- ասված է հայտարարությունում։ Կազմակերպությունը կողմերին կոչ է արել «անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»։
«Ստեղծված իրադրությունը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան պետությունների սահմանին, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ է, և վկայում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի մասին համաձայնության խախտմանը»,- նշել են ՀԱՊԿ-ում։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ կազմակերպության Մշտական խորհրդի հրատապ նիստ հրավիրելու մասին, սակայն ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է։











