ԵԱՀԿ համանախագահները կոչ են անում օտարերկրյա վարձկաններին ամբողջությամբ հեռացնել տարածաշրջանից

17
ԵԱՀԿ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարությունում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն Ադրբեջանին և Հայաստանի կոչ են անում շարունակել լիարժեքորեն կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված պարտավորվածությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ նախկին պարտավորությունները: Համանախագահ երկրներն ընդգծում են ՌԴ-ի ձեռնարկած միջոցառումների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրի հարցում՝ երաշխավորելու մարտական գործողությունների վերսկսման բացառումը: Նրանք պահանջում են նաև, որ օտարերկրյա վարձկաններն ամբողջությամբ հեռանան տարածաշրջանից, կողմերին կոչ են անում՝ հեշտացնել նրանց հեռանալը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին հետևելու իրենց պարտավորվածության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և զոհերի մարմինների վերադարձի առումով: Նրանք մատնանշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այդ թվում՝ վերջին մարտական գորոծողությունների պատճառով տեղահանված մարդկանց անվտանգ, ինքնակամ, արժանապատիվ և երկարաժամկետ վերադարձի համար պայմանների երաշխավորման կարևորությունը: Նրանք ընդգծում են պատմական և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ: Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ՝ իրականացնելու իրենց պարտավորություններն ու ապահովելու մարդասիրական մուտքի հասանելիությունը»,- ասվում է համանախագահ երկրների համատեղ հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ համանախագահ երկրները կոչ են անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անհատ երկրներին համակարգված եղանակով հստակ քայլեր ձեռնարկել՝ բարելավելու համար հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում: Համանախագահները վերահաստատում են նաև իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:

«Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում օգտվել ներկայիս հրադադարից և բանակցել համանախագահների հովանու ներքո՝ երկարատև և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Տվյալ համատեքստում համանախագահ երկրները կողմերից պահանջում են համանախագահներին ընդունել տարածաշրջանում առաջին իսկ հնարավորության դեպքում և առարկայական բանակցություններ վարել՝ կարգավորելու համար չլուծված խնդիրները՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի»,- նշվում է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, համանախագահ երկրները հիշեցնում են իրենց հավատարմությունը ուժի սպառնալիքի չկիրառմանը վիճաբանությունների կարգավորման գործում, ինչպես նաև վերահաստատում են հակամարտության բոլոր չլուծված հարցերի համապարփակ, կայուն և բանակցային միջոցով կարգավորմանն ուղղված իրենց միասնական դիրքորոշումը: