Հակառակորդը 100 հոգանոց կազմով հերթական դիվերսիոն հարձակումն է իրականացրել. Փաշինյան

10

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Տավուշում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումներից:

«Այս գիշեր 03։40-ի սահմաններում Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ ուժերի «Անվախ» կոչվող սահմանային դիրքը գրավելու նպատակով։ Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։
 
Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Այնուհետև, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 5։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղները։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան, ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։ Արձանագրեմ նաև, որ սկսած կիրակի օրվանից, Ադրբեջանը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։ Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները և տալ գնահատական»,-ներակայացրեց վարչապետը։