Այսօր հայտնի դարձավ, որ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրում է Infoteka24.ru-ն:
«Թվում է, թե այս լուրը զարմանալի չէ, քանի որ լրագրողները հաճախ են արժանանում հումանիտար ոլորտում տարատեսակ մրցանակների: Բայց այս դեպքում մենք չենք կարող կողքով անցնել:
Հիշեցնենք, որ հենց «Նովայա գազետա»-ի լրագրող Իլյա Ազարն էր հակահայկական գործունեության համար զրկվել Հայաստանի ԱԳՆ-ի հավատարմագրումից, մինչդեռ շատ այլ օտարերկրյա լրագրողներ վտանգել էին իրենց կյանքը` միայն Ադրբեջանի ոճրագործությունների մասին ճշմարտությունն աշխարհին հասցնելու համար:
Սա իմանալով՝ ագրեսորի և պատերազմի կողմն անցած թերթի խմբագրին Խաղաղության մրցանակ շնորհելու որոշումը կարելի է համարել ապտակ արդարադատությանը: Թերթը, որն իրեն ներկայացնում է որպես մարդու իրավունքների պաշտպան, պարզապես անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա համար պարգևատրվում: Ակնհայտ է, որ աշխարհը պետք է վերաիմաստավորի իր արժեքները»,- գրում է կայքը:
Նշենք, որ Մուրատովը 44-օրյա պատերազմի ընթացքում «Эхо Москвы» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իբր քուրդ զինյալներն Արցախում են և աջակցում են հայերին:











