Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հետ կապված հանդիպումների և գործընթացի վերջին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են տվել էրդողանական «Anadolu» լրատվական գործակալությանը․ գրում է ermenihaber.am կայքը։
Հայտնում են, որ հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների իրականացրած չորրորդ հանդիպմանը հաջորդած տարբեր կառույցների մասնակցությամբ մասնագետների մակարդակով սահմանին անցկացված հանդիպումներն անցել են անկեղծ մթնոլորտում:
Նշվել է, որ շարունակվում են տեխնիկական աշխատանքները Թուրքիայի և Հայաստանի միջև երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձը հնարավոր դարձնելու մասին որոշման կյանքի կոչման համար։ Նշյալ աշխատանքների շրջանակում թուրք և հայաստանցի պաշտոնյաները միասին հորատման եղանակով նմուշ են վերցրել Ալիջանի/Մարգարա սահմանային անցակետում գտնվող կամրջից և նշել, որ երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձի գործընթացը հստակություն ձեռք կբերի՝ կախված կամրջի վիճակից։
Հաղորդվել է, որ հաջորդող գործընթացի շրջանակում իրականացվելիք հանդիպումներում կարող են քննարկվել որոշ այլ թեմաներ՝ այդ թվում երկու երկրների միջև փոխադարձ առևտուր սկսելու հարցը։
Նշվում է, թեև նախորդ ամիսների համեմատությամբ թափը դանդաղել է, երկու երկրների միջև գործընթացը չի կանգնել, և այժմ Անկարայի և Երևանի միջև տեխնիկական հարցեր են քննարկվում։
Թուրքական դիվանագիտական աղբյուրները խոսել են նաև տարածաշրջանում դրսի այլ միջամտությունների մասին՝ պնդելով, որ դրանք բոլոր գործընթացների վրա բացասաբար կարող են ազդել:
Աղբյուրները հայտնել են, որ 5-րդ հանդիպման համար դեռևս ամսաթիվ չկա, բայց այսուհետ կայանալիք հանդիպումները լինելու են կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։
Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև փետրվարի 2-ին սկսված ուղիղ թռիչքներին՝ դիվանագիտական աղբյուրներն ասել են հետևյալը․ «Փոխադարձ թռիչքները բավականին լավ են ընթանում։ Մարդկանց միջև շփում է սկսվել։ Մարդիկ հանգիստ կարողանում են գնալ-գալ։ Գործընթացում եղել են բաներ, որոնք աչքով տեսանելի չեն։ Թուրք քաղաքացին վիզայի համար Թբիլիսիի միջոցով էր դիմում, քանի որ Հայաստանին հասանելիություն չկար։ Հիմա ինտերնետային կապ է հաստատվել, նախկինում հնարավորություն չկար ինտերնետի միջոցով կապ հաստատել Հայաստանի հետ։ Հայաստանի ինտերնետը ողջ Թուրքիայի համար փակ էր։ Արդեն բացվել է։ Հյուպատոսական գործերը ծայրաստիճան լավ են ընթանում։ Աչքի համար չերևացող որոշ մարդասիրական քայլեր էլ են արվում»։











