Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան 68 կմ-անոց հատվածից 21 կմ-ն այս պահի հաշվարկով գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո. ՄԻՊ

43
Արման Թաթոյան

Ուղիղ սպառնալիքներ ու զգալի վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլև անմիջապես օդանավակայանի հարևանությամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ։ Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր, և մեր գնահատականները հիմնված են կոնկրետ օրինակների վրա։ Օրինակ՝ Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը կիսվել է երկու մասի։ Սա այն բանի հետևանքն է, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով»,-ասաց ՄԻՊ-ը։

Նրա խոսքով՝ սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի խաղաղ բնակելի վայրերը, խնդիր կա նաև Կապանից մի քանի գյուղեր տանող ճանապարհների առումով։

«Երբ այդ ճանապարհով բարձրանում ենք, մի քանի տեղ ադրբեջանական դրոշներ են, զինված մարդիկ են։ Մինչ այս պահը կիրառված մեխանիկական մոտեցումների պատճառով ուղիղ սպառնալիքների ներքո են հայտնվել խաղաղ բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքները, իսկ սեփականության իրավունքը կոպտորեն խախտված է»,-ասաց Թաթոյանը։

Նա նշեց, որ թեև Google քարտեզով է կատարվում սահմանների բաժանումը, սակայն այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներով՝ Շուռնուխն ամբողջությամբ հայկական է։

Թաթոյանի ներկայացմամբ՝ Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան 68 կմ-անոց հատվածից 21 կմ-ն այս պահի հաշվարկով գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ «Ադրբեջանցիները ցուցանակների տեղադրումը կատարում են բացահայտ սադրանքների ձևով, կարող են զենքի բացահայտ ցուցադրությամբ հայտնվել ճանապարհների վրա։ Եթե հայկական կողմում մեր խաղաղ բնակիչներն են, և կան սահմանապահ ուժեր, ապա ադրբեջանական կողմում զինվորականներ են»,-նշեց նա։