Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

10

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ փաստաբան Երեմ Սարգսյանից։

Գործը բաղկացած է 37 հատորից, որն ուսումնասիրելու համար 15 օր են տրամադրել, ինչը փաստաբանի խոսքով բավարար չէր. «Այնքանով, որքանով հնարավոր էր ծանոթանալ, ծանոթացանք և ակնհայտ էր, որ լուրջ թերություններ էին առկա, նույնիսկ տեխնիկական բնույթի։ Դեռևս ամբողջությամբ գործին չենք ծանոթացել, որ բովանդակային, ավելի խորը միջնորդություններ ներկայացնեինք, բայց ակնհայտ է, որ քրեական գործի նյութերն ըստ ժամանակագրության կցված չէին, համարակալված չէին։ Մոտ 120-130 հատորից առանձնացված է 37 հատոր, որում ակնհայտորեն ներառված են մեղադրող բնույթի ցուցմունքներ, ապացույցներ, նյութեր։ Ամբողջ գործը պետք է մեզ տրամադրեն, որպեսզի դրանում առկա մյուս ապացույցները, որոնք, մեր կարծիքով, արդարացնող ապացույցներ են, վկայակոչենք։ Մեկ տարուց ավել քննություն են արել ու առանձնացրել միայն մեղադրող բնույթի ապացույցները և դրանով ուզում են դատարան ուղարկել, ինչն ակնհայտ արդար դատաքննության, պաշտպանության իրավունքի խախտում է»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ միջնորդել են, որ իրենց տրամադրեն ամբողջ գործի նյութերը։ «Բնականաբար այս միջնորդությունները մերժվելու են։ Մեզ քիչ ժամանակ տրամադրելու նպատակն այն էր, որ չկարողանայինք բովանդակային առումով ծանոթանալ և առավել ակնհայտ խնդիրները ներկայացնեինք»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն շուրջ 12 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն, սակայն Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցն այդպես էլ չի փոփոխվում:

Նրան կալանավորել են 2019 թվական օգոստոսին, եւ, գործող օրենսդրության համաձայն, անձը մինչդատական վարույթում չի կարող մեկ տարուց ավել գտնվել կալանքի տակ, հետեւապես նախաքննական մարմինը կամ պետք է փոխեր Գ.Խաչատրյանի խափանման միջոցը կամ գործն ուղարկեր դատարան։