Ֆրանսիայի հայ համայնքը դիմել է կառավարությանը` արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը

10

Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և Ցեղասպանության հուշարձանի հետ կապված դեպքը ստորագրված է «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Փափազյանը նշել է, որ կապի մեջ են Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի արագորեն այս շաբաթ որոշեն լուծարել և արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։

«Վիենում, Դիժոնում, Դիսենում ծայրահեղ թուրքերը՝ «Գորշ գայլերը», որ ուղղակի Էրդողանի վերահսկողության տակ են, հակահայ ցույցեր կազմակերպեցին։ Այս գործողությունը դրանց հետևանքն է։ Մեզ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ 67 հոգի տարվել է ոստիկանություն։ Մենք չենք ցանկանում մտնել քաղաքացիական կռիվների մեջ»,- ասել է Մուրադ Փափազյանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան շատ լուրջ է վերաբերվում այս ցույցերին, որովհետև նույն ժամանակ ծանր քաղաքական բախումներ են տեղի ունենում Թուրքիայի նախագահի և Էմանուել Մակրոնի միջև։