Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին զորքերն անհապադ դուրս բերել հայկական տարածքից

10
Ժան Իվ

Ֆրանսիական Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը կրկին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր հավատարմությունը և Ադրբեջանին կոչ արել զորքերը դուրս բերել։

Տեղեկանում ենք Ֆրանսիայի դիվանագիտական կառույցի տարածած հաղորդագրությունից։

«Ֆրանսիական Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացիկ լարումներին անդրադառնալով՝ Լը Դրիանը «հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգությունն ու նրա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը»:

«Ֆրանսիան մեծագույն ուշադրությամբ է հետևում իրավիճակին ու կողմերին կոչ է անում շարունակել իրենց քննարկումները՝ հայկական տարածքից անհապաղ ադրբեջանական ուժերի դուրսբերմանը հասնելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը նաև նշել է 2020 նոյեմբերի 9/10 հայտարարության կետերի կատարման անհրաժեշտությունը։

«Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո առկախ մնացած հարցերի հետ կապված, ներառյալ՝ բոլոր հայ կալանավորվածների անհրաժեշտ ազատումը, Ֆրանսիան նորացնում է իր կոչն (ապրիլի 13-ի Մինսկի խմբի համանախագահների մամուլի հաղորդագրությանը համահունչ) ուղղված կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսությանը համանախագահների հովանու ներքո՝ քննարկելու բոլոր խնդիրները` տարածաշրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը երաշխավորող համապարփակ համաձայնության հասնելու նպատակով», – նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։