Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` կոչ անելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հետ քաշել զորքերը իրենց ելման դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Պաշտոնական Փարիզն իր ափսոսանքն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների, այդ թվում՝ Փառուխ և Խրամորթ գյուղերում զինված միջադեպերի և զորքերի տեղաշարժի կապակցությամբ։
«Ֆրանսիան կոչ է անում առաջ գնացող ուժերին հետ քաշվել իրենց ելման դիրքերը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն այս հարցը բարձրացրել է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ՝ կոչ անելով շուտափույթ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը։
ԱԳՆ–ից վստահեցնում են, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ տարբեր թեմաներով երկխոսության և առաջընթացի խթանման նպատակով։











