Ֆրանսիան Ադրբեջանին չի վաճառում արտադրանք, որը կարող է օգտագործվել ԼՂ պատերազմում

0

Ֆրանսիան՝ հավատարիմ մնալով միջազգային օրենքին, Ադրբեջանին չի վաճառում այնպիսի արտադրանք, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից՝ հարցմանն ի պատասխան։

ԵՄ-ից զենքի արտահանման օնլայն տեղեկատուից պարզ էր դարձել, որ միայն 2019-ին Ֆրանսիայում տրվել է Ադրբեջան ռազմական նշանակության արտադրանք արտահանելու 3 լիցենզիա՝ €216,364,000 արժողությամբ, 2018-ին՝ €921,320,000, 2016-ին՝ €3 մլն-ի։

«Ֆրանսիան բծախնդրորեն հետևում է 1992 թվականից գործող զենքի և զինամթերքի մատակարարումների ԵԱՀԿ էմբարգոյին և չի մատակարարում որևէ զենք կամ սպառազինություն, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդացքում։ Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ավելի պահանջկոտ է իրավիճակի գնահատման հարցում»․- հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։

2019-ին տրված արտահաման լիցենզիաները տարածվում էին «Կրակի կառավարման, դրան հարակից համակարգերի և սարքավորումների, բաղադրիչների», «Ծրագրային ապահովման սարքավորումների և նյութերի», «Զրահապատ կամ պաշտպանողական միջոցների, կոնստրուկցիաների կամ բաղադրիչների» համար:

«Ֆրանսիան պատասխանատու արտահանող է՝ վերահսկման ուժեղ և թափանցիկ համակարգով, խորհրդարանական և Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրով (ATT) սահմնաված իր տարեկան թարմացվող զեկույցներով», – ասվում է հարցման պատասխանում։