Forbes-ը անհասկանալի մեթոդաբանություն ունի

8

Ֆինանսների նախարարությունը մեկնաբանել է Forbes ամսագրում հուլիսի 5-ին հրապարակված Դանիել Ֆիշերի «Ամենավատ տնտեսությունները աշխարհում» հոդվածի վերաբերյալ:

Նշված հոդվածի վերնագիրը խոստանում է հետաքրքիր ընթերցանություն, այնուամենայնիվ ոչ պարզ և անհասկանալի մեթոդաբանությունը, ինչպես նաեւ հաշվարկներում օգտագործված երկրների փոքր ընտրությունը, խիստ սահմանափակում է վարկանշման օգտակարությունը: Չնայած մեթոդաբա­նությունը վիճելի է (ինչու միայն 4 ցուցանիշ, ինչու են ընտրված հատկապես այդ ցուցանիշները, ինչու 3 տարվա համար եւ այլն), սակայն մենք փորձել ենք նշված մեթոդաբանությամբ կատարել նույն հետազոտությունը, օգտագործելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների բազան (համատեղելիությունը ապահովելու համար): Միևնույնն է, արդյունքները ամենևին մոտ չեն իրար, և դա նվազեցնում է վերլուծության արժանահավատությունը:

Առաջինը, հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը տալիս է ինստիտուցիոնալ և տնտեսական քաղաքականությունների վերաբերյալ գնահատականներ, որոնք չափվում են CPIA[1] (երկրի քաղաքականություն և ինստիտուցիոնալ գնահատական) ինդեքսի միջոցով, համաձայն որի Հայաստանը համարվում է առաջատար երկրներից մեկը (ինդեքսի չափման նվազագույն շեմը 3.75 է) ավելի քան 8 տարի, իր վերջին 4.1 ինդեքսով առավելագույն 6.0-ից, իսկ տնտեսական քաղաքականության ենթաինդեքսը կազմել է 4.7′ առավելագույն 6.0-ից: Եթե սա է ՀԲ-ի կողմից Հայաստանին տրված ընթացիկ գնահատականը, ապա այդ դեպքում ինչպես կարող է ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկն ունեցող երկիրն աշխարհում ունենալ ամենավատ տնտեսությունը: Տրամաբանորեն անհնար է ունենալ աշխարհում ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկը, որի արդյունքում երկրում ձևավորվում է ամենավատ տնտեսությունը: Ավելին, եթե կատարենք համեմատություն, ապա համաձայն պարոն Ֆիշերի ստացած արդյունքների’ Գվինեայի տնտեսությունը Հայաստանի համեմատ ավելի լավն է, մինչդեռ Գվինեայի տնտեսական քաղաքականությանը տրված ՀԲ-ի գնահատականն է 2.7, ինչը գրեթե 2 անգամ փոքր է, քան Հայաստանի ցուցանիշն է: Սա կասկածելի է դարձնում պարոն Ֆիշերի մեթոդաբանության տնտեսագիտական տրամաբանությունը (տվյալների աղբյուրն է’ World Bank CPIA):

Նրանց, ովքեր ծանոթ չեն CPIA ցուցանիշներին, տեղեկացնենք, որ ցուցանիշի հստակ և հանգամանալից մեթոդաբանությունը հասանելի է ՀԲ-ի ինտերնետային կայքէջում, որին հիմնվելով փորձառու տնտեսագետը կարող է գնահատել երկրի ներկա քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակի որակը: CPIA-ն ունի 4 ենթաինդեքսներ’ Տնտեսական կառավարում, Կառուցվածքային քաղաքակա­նություններ, Քաղաքականություններ ուղղված սոցիալական արդարությանը, Պետական հատվածի կառավարում և ինստիտուտներ: Գործնականում նշված 4 քաղաքական չափորոշիչներով ավելի լավ կատարողական ունեցող երկրները կունենան լավ տնտեսական միջավայր: (Լրացուցիչ տեղեկատ­վության համար տես Համաշխարհային բանկի կայքէջը (http://www1.worldbank.org/operations/CPIA2010/ARM.pdf)):

Երկրորդ, դժվար է գտնել որևէ տնտեսագիտական տրամաբանություն’ օգտագործված մեթոդաբա­նության վերաբերյալ. ինչու է գնաճի համար վերցվել միայն մեկ տարվա փաստացի ցուցանիշ և 2 տարվա գնահատական (2011-2012), իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, ընթացիկ հաշվի և ՀՆԱ-ի աճի համար’ վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները (քանի որ հոդվածի գնահատա­կանները մեկնաբանելու համար թափանցիկ մեթոդաբանությունը անհասանելի է): Նշված տվյալները, տարբեր ժամանակահատվածների դիտարկման պատճառով, անհամադրելի են, ինչն աղավաղում է իրական պատկերը:

Երրորդ, մեր մասնագետների կողմից ընդհանուր ինդեքսը հաշվարկելու համար կատարվել են նույն հաշվարկները’ օգտագործելով նույն աղբյուրի’ ԱՄՀ WEO-ի տվյալների բազան 184 երկրների համար (ցուցակից հանվել են այն երկրները, որոնք 2008-2012թթ համար չունեն ամբողջական տվյալներ բոլոր 4 ցուցանիշների վերաբերյալ’ թողնելով 176 երկիր) և հոդվածում նկարագրված նույն մեթոդաբանությունը, այսինքն’ ՀՆԱ-ի աճի և գնաճի երեք տարվա միջին վիճակագրությունը (ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները), ավելացրած մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և ընթացիկ հաշվի հաշվեկշռի վերջին 3 տարիների միջին ցուցանիշները: Արդյունքում ստացվել է բացարձակ այլ պատկեր: Օրինակ, գնաճի (ժամանակահատվածի վերջին տվյալներով) և ՀՆԱ-ի աճի համար հաշվարկվել են 3 տարվա միջին ցուցանիշները’ 2008-2010թթ. ժամանակահատվածի համար, ապա երկրների ցուցանիշները խմբավորվել են ըստ բարելավման կարգի’ վատագույնից դեպի առաջատարը (ամենացածր մեկ շնչի հաշվով ՀՆԱ և բարձր ընթացիկ հաշվի պակասուրդ) և Հայաստանը երբևիցե չի հայտնվել առաջին տասնյակում (Հավելված 1): Ավելին, ընթացիկ հաշվի փաստացի միջին ցուցանիշը առաջին 10 (վատագույն) երկրների համար -33.7 է (Լիբերիան առաջատարն է -46.6 ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի փաստացի 3 տարվա միջինը -13.9 է’ շատ հեռու 10 երկրների միջինից: Նմանապես, առաջին 10 երկրների մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջինը 313.3 դոլար է (Բուրունդին առաջատարն է’ 163.6 դոլար ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի ցուցանիշը 3022.1 է’ նորից շատ հեռու առաջին 10 երկրների միջինից:

Վերցնենք մյուս երկու ցուցանիշները, որոնք օգտագործվել են պարոն Ֆիշերի կողմից’ ՀՆԱ-ի աճը (2008-2010 թվականների համար) և գնաճի 3 տարվա միջին ցուցանիշը (2010-2012 թվականներ համար) և կատարենք նույն վարժությունը: Նորից ստացվել է նույն պատկերը’ Հայաստանը չի հայտնվել առաջին 10 վատ տնտեսություն ունեցող երկրների շարքում (երկրները դասակարգվել են ըստ ավելի բարձրից ցածր գնաճի և ավելի ցածրից բարձր ՀՆԱ-ի աճի): Վատագույն 10 երկրների գնաճի միջին ցուցանիշը 15.6 է (Վենեսուելան առաջատարն է 29.9% ցուցանիշով), իսկ Հայաստանինը’ 6.8% (Հավելված 2): Վատագույն 10 երկրների համար ՀՆԱ-ի աճի միջին ցուցանիշը -3.6% է (Լատվիան առաջատարն է 7.5%-ով), իսկ Հայաստանի ցուցանիշը’ -1.5%’ հաշվի առնելով նաև 2009 թ-ի խորն անկումը’ -14.2% (Հավելված 1):

Ավելին, հրապարակված բոլոր ցուցանիշների ուղղությամբ հաշվարկվել են նաև այլ տարբերակներ’ ստուգելու համար այն վարկածը, թե արդյոք Հայաստանը կարող է ինչ-որ կերպ հայտնվել վատ երկրների շարքում, դրանք են’ երեք տարվա փաստացի միջին ցուցանիշներ (հիմնված 2008-2010թթ. փաստացի վիճակագրական տվյալների վրա, Հավելված 1), երեք տարվա միջին ցուցանիշներ (2010-2012թթ.’ ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները, Հավելված 2) և հինգ տարվա միջին ցուցանիշներ (2008-2012′ ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները, Հավելված 3): Ստացված արդյունքները ներկայացված են հավելվածներով:

Փաստորեն, եթե բոլոր 4 ցուցանիշներով Հայաստանը վատագույն 10 երկրների ցանկից դուրս է, այդ դեպքում ինչպես է նշված 4 ցուցանիշներով հիմնված նրա հաշվարկային ընդհանուր ցուցանիշը Հայաստանը դասում վատագույն երկրորդ տեղում: Այս պարզ վարժությունը ցույց է տալիս, որ պարոն Ֆիշերի բացահայտումները կասկածանքի տեղիք են տալիս: