Պաշտոնական Բեռլինը տեղեկություններ ունի այն մասին, որ թուրքական աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցության ազդեցությունն Անկարայի նկատմամբ աճում է, հայտնում է Ahvalnews-ը՝ հղում տալով գերմանական Deutsche Welle լրատվականի թուրքական ծառայությանը։
Դաշնային կառավարությունը նկատում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության քաղաքական պահանջները բավարարվում են Թուրքիայի կառավարության կողմից և պարբերաբար ներառվում թուրքական օրենքներում։
Մեկնաբանությունները հնչել են ի պատասխան Գերմանիայի ձախակողմյան կուսակցության կողմից կառավարությանն ուղղված հարցադրմանն այն մասին, թե ինչ դեր ունի Թուրքիայի ծայրահեղական ազգայնական կուսակցությունը երկրի քաղաքականության մեջ։ Գերմանիայի ձախակողմյան կուսակցության պատգամավոր Ուլլա Յելփքեն, որն իր կուսակցության անունից ներկայացրել էր հարցը, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սնում է «Ազգայնական շարժում» կուսակցությանը և հավելել․ «Նա պատրաստ է անել ամեն ինչ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ դաշինքի գնալու համար, որպեսզի պահի իշխանությունը՝ իր կուսակցության հանդեպ նվազող համակրանքը հաշվի առնելով»։
Պատգամավորն ասել է, որ Գերմանիայի կառավորությունը պետք է հասկանա, որ «ամեն անգամ, երբ Բեռլինը հանդիպում է Անկարայի հետ «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները, որպես անտեսանելի գործընկերներ, ներկա են լինում հանդիպմանը և հավելել, որ ֆաշիստները Գերմանիայի կառավարության գործընկեր լինել չեն կարող»։
Ինչ վերաբերում է Գերմանիայում «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունն արգելելուն, ապա, դաշնային կառավարության պնդմամբ, այդ հարցը շարունակում է օրակարգում մնալ։
Անդրադառնալով Թուրքիայի իշխող կուսակցության գործունեությունը Գերմանիայում քննադատողների նկատմամբ հնչած սպառնալիքների դեպքերին՝ դաշնային կառավարությունն ասել է, որ հնարավոր նմանօրինակ հարձակումների մասին տեղեկություններ չունեն։














