ԵԽԽՎ համազեկուցողները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից

68

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին.

«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներով», – ասել են համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը:

«Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը և հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։ Մինչ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինուժը օկուպացնում է Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը»,- հավելել են համազեկուցողները։

«Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին։ Միայն դիվանագիտական միջոցները արդար և տևական պատասխան կտան հակամարտությանը, որը օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը»,- եզրափակել են նրանք։