Եվրոպական խորհրդարանը 635 կողմ ձայներով ընդունեց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը

229

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանն 635 կողմ, 2 դեմ եւ 42 ձեռնպահ ձայներով ընդունել է Արցախում մշակութային ժառանգությանը նվիրված բանաձեւ, որով մի քանի ուղղությամբ խիստ դատապարտում է Ադրբեջանին։

Նախագծի հիմնական հեղինակը պետական գործիչ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն է, որի իրացմանը՝ մշակելու, շրջանառության մեջ դնելու գործողում մեծ դերակատարում է ունեցել նաեւ ինքը՝ Աշոտյանը։

Համաձայն այդ բանաձևի, Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Արցախում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը։
– Փաստում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավիրվել է 89 հայկական եկեղեցի, 20000 գերեզման և ավելի քան 5000 տապանաքար։
– Ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Արցախում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավիրելու, այլև պատմության կեղծման և այն որպես կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով, և արձանագրում, որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար պատասխանատու աշխատանքային խումբ ստեղծելու մասին։
– Ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները ՀՀ–ի նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում։
– Ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Արցախի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին։
– Կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից։
– Կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար: