Եվրոպայից «դեպորտի» նոր ալիք կսկսվի․ Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի՝ հետընդունման մասին պայմանագիրը կվավերացվի

24

ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և եվրոպական մի քանի պետությունների միջև «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունները վավերացնելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին կիրարկման երեք արձանագրությունները՝ Բուլղարիայի Հանրապետության հետ, Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) հետ և Գերմանիայի Դաշնության հետ, ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Արձանագրությունների նպատակն է կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակում դյուրացնել ռեադմիսիայի համաձայնագրի իրականացումը: Արձանագրությունները նախատեսում են մանրամասն կանոններ ՀՀ-ի և Բենլիյուքսի պետությունների, Գերանիայի և Բուլղարիայի միջև հարաբերություններում կիրարակման մասով»,-ասաց ծառայության պետը:

Հետընդունման ոլորտում ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության սերտացմանը: Այս համատեքստում Ղազարանը խիստ կարևորեց անօրինական միգրացիայի դեմ պայքարը: Նրա վստահեցմամբ՝ արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման և խորացման վրա: Ամենաշատ հետընդունումն իրականացվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Բելգիայից:

Նշենք, որ վավերացման դեպքում Եվրոպայից կարտաքսվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ոչ օրինական կերպով են բնակվում այնտեղ։ Եվ այս դեպքում Հայաստանը պարտավորություն է ստանձնում նրանց ընդունելու։  Ստացվում է, որ դեպորտի մի մեծ նոր ալիք կսկսվի։