Եվրոպայում կոչ են անում Ադրբեջանին «անմիջապես դուրս մղել» Արևելյան գործընկերության կազմից

8
Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն այսօր կոչ է արել «անմիջապես դուրս մղել» Ադրբեջանին Արևելյան գործընկերության կազմից:

Ահազանգը տեղ է գտել Բելառուսում ընթացող իրավիճակը քննարկելու համար ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստի նախօրեին հրապարակված հայտարարության մեջ։

Ընտրությունները խայտառակություն որակելով՝ հայտարարությունը խստորեն դատապարտում է բողոքողների նկատմամբ հետագա բռնությունը և հարգում նրանց համարձակ լինելը: Զուգահեռներ անցկացնելով այս ամսվա ընթացքում Բելառուսում և վեց ամիս առաջ Ադրբեջանում տեղի ունեցած տապալված ընտրությունների միջև՝ Սոցիալիստների և դեմոկրատների փոխնախագահ, ԵԽԽՎ պատգամավոր Քաթի Փիրին նշել է. «Մենք չենք կարող համագործակցել այն երկրների հետ, որտեղ ականատես ենք լինում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների: Բռնապետերը ազատ հասարակությունների թշնամիներն են: Թե՛ Բելառուսը, և թե՛ Ադրբեջանը պետք է անմիջապես դուրս մղվեն Արևելյան գործընկերության ծրագրից»։

Այս հայտարարությունը հաջորդում է ընդամենը 10 օր առաջ նույն խմբի հնչեցրած կոչին․ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության առաջատար անդամների դեմ՝ ի պատասխան երկրում մարդու իրավունքների ոտնահարման մակարդակի բարձրացման: