Եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա հիմա այստեղի լույսն անջատի, դա կանի. Սիմոնյան

10
Բացի մեզնից, մնացած բոլորը ինչ-որ ձեւով, ինչ-որ ակնկալիքներ ունեին ՄԻԵԴ-ից, մենք որեւէ ակնկալիք չունեինք: Այսպես արձագանքեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի երեկվա որոշմանը:

«Մենք ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Պարոն Թովմասյանի եւ իրեն մերձ տարբեր լրատվամիջոցների ու գործիչների ցանկությունն է փոքր բաժակում փոթորիկ ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամ է, երբ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում ու չի էլ ստացվելու»:

Սիմոնյանը նաև հավեելց. «Կարծում եմ, որ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա հիմա իմ հարցազրույցի ժամանակ այստեղի լույսն անջատի, որ ես չկարողանամ հարցազրույց տամ, ինքը դա կանի: Ինքը դրա փորձն ունի, ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում ավելի մանրանամ: Ես վստահ եմ, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի կառչած մնա այդ աթոռից»: