Եթե ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը և մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է․ Մարուքյան

15
Էդմոն Մարուքյան

Ես ասել եմ, որ եթե ՀՀ-ն պետք է ճանաչի ԱՀ անկախությունը և մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է, խնդրի լուծում չէ և կփակի ԵԱՀԿ Մինսկի խմբի դուռը մեր առջև: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ հրադադարը չի կայացել, և պատերազմը հենց հիմա շարունակվում է, թեժ մարտեր են Հադրութում:

Դիտարկմանը, թե ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ եթե 1-2 օրվա ընթացքում հրադադար չլինի, նա կդիմի ՀՀ-ին՝ ճանաչելու ԱՀ անկախությունը և հարցին՝ փակ հանդիպմանն այդ հարցը քննարկվե՞լ է, և եթե այս շրջանում ՀՀ-ն ճանաչի ԱՀ անկախությունը, դա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա, Մարուքյանն արձագանքեց, թե փակ հանդիպմանն այդ մասին քննարկում եղել է:

«Ես ասել եմ, որ եթե ՀՀ-ն պետք է ճանաչի ԱՀ անկախությունը և մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է, խնդրի լուծում չէ և կփակի ԵԱՀԿ Մինսկի խմբի դուռը մեր առջև: Եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ Արցախի անկախությունը ճանաչեն մեզ հետ միաժամանակ, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից որևէ մեկը և այլ երկրներ, այդ պարագայում դա իմաստ կունենա: Այս փուլում այդ հարցը քննարկվում է, և  ուղերձ է հղվում արտաքին աշխարհին»,- ասաց նա՝ նշելով, թե գուցե հավանականություն կա՝ Մինսկի խմբից Ֆրանսիան, ՌԴ-ն ճանաչեն: