Եթե ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․ Ռոբերտ Քոչարյան

78

Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանի ելույթի ժամանակ դատարանում տեղի ունեցավ միջադեպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և Բաղդասարյանի միջև։ Կրքերը բորբոքվեցին, երբ Ռոբերտ Քոչարյանն ակնարկեց, որ Շուշին հանձնողներից մեկն էլ Գևորգ Բաղդասարյանն է։

Վիճաբանությունը դադարեցնելու համար հայտարարվեց ընդմիջում, որից հետո դատավորը նկատողություն հայտարարեց վիճաբանության մասնակիցներին։

Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց․ թե ինչ ի նկատի ուներ՝ ակնարկելով Շուշին հանձնելու մասին։ «Երբ որ 2,5 տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ, ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով 3 գեներալ-գնդապետի: Եվ առհասարակ մի ասացվածք կա, եթե ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Ընդամենն իմ ասածը սա էր նշանակում: Եվ եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու էին այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի, և՛ անհետ կորածների, կամա, թե ակամա, մտածելով, չարամտությա՞մբ, թե՞ չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա է իմ համոզմունքը, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ այս դատական նիստին»,-ասաց Քոչարյանը: