Կարևոր է արտակարգ դրության ռեժիմի՝ առնվազն մեկ ամսով երկարացումը։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Եթե մեր շատ վաղ գնահատականներով այս կայուն կամ կայունից մի քիչ թեթև իրավիճակը պահպանվի, հնարավոր է այլ որոշումներ կայացվեն»,- ասաց Թորոսյանը։
Նա անդրադարձավ նաև ծանր ու ծայրահեղ պացիենտների թվին։ «Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր՝ գումարային մոտ 650 հոգի, որից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները և թթվածնով ապահոված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են։ Այսինքն՝ այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ այն հիմնական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել, դա տանը սպասող քաղաքացիների թիվն է։ Պրակտիկորեն չունենք որևէ քաղաքացի, որը տանը սպասում է հոսպիտալացման»,- նշեց նախարարը։











