Եթե ադրբեջանցիները հատել են ՀՀ պետական սահմանը, ապա իրավունք ունեն գերի վերցնել․ Մովսես Հակոբյան

49

Հակառակորդը միշտ էլ փորձելու է առաջանալ։ Հարց է՝ դա իրեն կհաջողվի, թե ոչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։

Վերջինս նշեց, որ հստակ որևէ տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար որևէ կերպ չի կարող անդրադառնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։

ՀՀ ՊՆ-ն եւս նշել էր, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում եւ բանակցություններ են տարվում նրանց հետ, իսկ Սյունիքի մարզպետը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ հերքել էր հակառակորդի առաջխաղացումը՝ պնդելով, թե Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել, եկել են դիտակետ դնելու և մոլորվել են։

ՀՀ տարածքում «մոլորված» ադրբեջանցիների հետ ինչ բանակցություններ են տարվում՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Մովսես Հակոբյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև ստույգ տեղեկություն չունեմ։ Եթե ՀՀ պետական սահմանը հատել են, ապա իրավունք ունեն գերի վերցնել»,-ասաց Մովսես Հակոբյանը։