Ես պետք է մի քիչ նստեմ, եթե դեմ չեք․ Սիրիայի նախագահի ինքնազգացողությունը ելույթի ժամանակ մի քանի անգամ վատացել է

16
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

54-ամյա նախագահը ելույթի ժամանակ սկսել է գունատվել և երկու անգամ ընդհատել է ելույթը։

«Ես արյան ճնշման հետ խնդիրներ ունեմ, պետք է ջուր խմեմ»,- ասել է Ասադը:

Քիչ անց նա դիմել է խորհրդարանականներին. «Ես պետք է մի րոպեով նստեմ, եթե դեմ չեք», ապա դուրս է եկել դահլիճից:

Պարզ չէ, թե նախագահը որքան ժամանակ է բացակայել, բայց վերադառնալուն պես փորձառու ակնաբույժ Ասադը կատակել է, թե «բժիշկները վատագույն հիվանդներն են»:

«Ես երեկվանից ոչինչ չեմ կերել, ոչ շաքար ունեմ, ոչ աղ, այսպիսի բաներ լինում են»,-կատակել է Սիրիայի նախագահը:

Նախագահի ելույթի շարունակության ընթացքում այլևս խնդիրներ չեն առաջացել: