Ես միշտ մտածում էի, որ գնալով ավելի լավ կլինի, բայց գնալով ավելի վատ է լինում

13
Էդմոն Մարուքյան
Ինչպես արդեն հայտնել ենք ԱԺ-ում մեկնարկել է նստաշրջանը և առաջնային հարցերից է ՍԴ դատավորի ընտրությունը։
 
Ելույթի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ինչու ՍԴ դատավորի թեկնածուների հանդիպումներ չեն կազմակերպվել ԱԺ խմբակցությունների հետ:
 
«Նախկինում նման հանդիպումներ միշտ կազմակերպում էր: Ես միշտ մտածում էի, որ գնալով ավելի լավ կլինի, բայց ոնց որ գնալով ավելի վատ է լինում: Սովորաբար խմբակցությունները հանդիպում են թեկնածուի հետ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ: ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար»,-ասաց նա։
 
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ, թե գնալով ամեն ինչ վատանում է: Ըստ իս գնալով ամեն ինչ լավանում է՝ հատկապես թեկնածուների, թափանցիկության, խմբակցությունների հետ քննարկումների առումով: Ինչ վերաբերում է կնոկրետ հարցին, ապա ոչ խմբակցությունների կողմից, ոչ թեկնածուների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել: Ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահն ու աշխատակազմը պատշաճ պայմաններ կապահովեին այդպիսի հանդիպման համար: Ցավոք սրտի, որեւէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու:
 
Պարոն Մարուքյան, էս դուք, էս թեկնածուները, քիչ անց կմոտենան ամբիոնին, կարող եք ձեր հարցերն ուղղել: Այդ թվում կարող են պատգամավորները հարցնել, թե ինչու այդպիսի ցանկություն չի դրսեւորվել, ինչին ի պատասխան թեկնածուն էլ կարող է ասել՝ ես հաճույքով կգայի, եթե այդպիսի ցանկություն խմբակցությունը հայտներ»: