Ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը․ ԱԳ նախարար

39

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադարձավ վերջին շրջանում իշխանությունների կողմից արվող հայտարարություևններին, որոնց համաձայն՝ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է վերանայվեն։

Ի պատասխան Արա Այվազյանը նշեց.«Հայ ժողովուրդը, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, թերևս ամենալավն է գիտակցում խաղաղության գինը։ Եվ մենք չենք փնտրում թշնամիներ։ Անկախացման առաջին իսկ օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել՝ Թուրքիայի հետ հարբերությունների կարգավորման ուղղությամբ, և վերջինը ցյուրիխյան գործընթացն էր, որը ի չիք դարձվեց Թուրքիայի կողմից»։

Արձագանքելով՝ Արման Աբովյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան ոչինչ էլ չի վերանայի, քանի որ հակահայկական թեզը միշտ իր համար անկյունաքարային է եղել։

«Այնուամենայնիվ, կխնդրեմ պատասխանել՝ հիմա Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ գործընթաց գնո՞ւմ է»,- ասաց նա։

Ի պատասխան՝ Արա Այվազյանը նշեց, որ պատմության մեջ շատ են եղել դեպքեր, որ ծանր, ողբերգական պատմություն ունեցող երկրներն, ի վերջո, գտել են քաղաքական կամք և հասկացել են նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։

«Ես հույս ունեմ, որ Թուրքիայում այդ գիտակցումը վաղ թե ուշ կգա։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը։ Իսկ ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որով կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ»,- եզրափակեց խոսքը Արա Այվազյանը։