Ներկայացնում ենք «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանի հետ հանդիպում-քննարկումը, ով ներկայացնում է այն քայլերը, որոնց միջոցով հնարավոր կլինի դուրս գալ հետպատերազմյան այս ճգնաժամային իրավիճակից։
Ըստ նրա՝ նախ պետք է ձևավորել Չորրորդ Հանրապետությունը ազգային հիմքերի վրա։
«Եթե ուզում ենք մտածել ապագայի մասին, ապա պետք է հասկանանք, որ Երրորդ Հանրապետություն չկա, և եթե ուզում ենք վերականգնվել, հետ վերցնել Արցախը և մնացած տարածքները, պետք է մտածենք՝ ոնց պիտի ձևավորվի Հայկական նոր Պետականությունը։ Եվ հարց է առաջանում՝ ի՞նչ սկզբունքների վրա պիտի հիմնվի այդ նոր պետականությունը։ Նախ պետք է հասկանանք՝ ինչ սխալներ ենք թույլ տվել։ Պետք է ընդունենք, որ 1988-89թթ․ մենք գնացինք սխալ ճանապարհով, այն է, ընտրեցինք երկու հայկական պետականության հիմնման ճանապարհը՝ հետ կանգնելով մեր անկախության հռչակագրից։ Եվ երկրորդը՝ մենք չկարողացանք հայկական պետականության ներքո ձևավորել Սփյուռքի ազդեցությունը, հնարավորությունները, պարտականությունները և իրավունքները»,- նշում է Արզումանյանը՝ շեշտելով, որ հետսովետական ժամանկներում մեզ բաժանել են երեք մասի՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ կտորների՝ թույլ չտալով մեր միավորումը։
Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը Արցախի հետ ճիշտ, իրավահավասար հարաբերություններ ձևավորելու փոխարեն Արցախը վերածել են «գորշ տարածքի»։
Ըստ նրա՝ հին ուժերի վերադարձով չենք կարող կերտել նորը, ուստի հարկավոր է նախ ձևավորել նոր հասարակական և քաղաքական ուժեր, որոնք կձևավորեն հայկական պետականության նոր ձևը։ Հայկական պետականությունը պետք է լուծի հայ ժողովրդի ամբողջականության խնդիրը, Հայաստան- Արցախ-Սփյուռք ամբողջականության հարցը, որը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ։
«Հայկական ժամանակը չի վերահսկվում հայ ժողովրդի կողմից։ Մենք չենք որոշում՝ ե՞րբ ենք մտնում կռվի մեջ, ո՞նց ենք մտնում կռվի մեջ, ե՞րբ է սկսվում կռիվը։ Ցավոք, մեր ներուժը մեզ հնարավորություն չի տալիս այդ հարցերն ինքներս որոշել»,- ասում է նա՝ ընդգծելով, որ մեր ժամանակը սուղ է և պետք է շտապել իրողությունները հօգուտ մեզ փոխելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում










