Գեղարքունիքի 12 բնակավայր թիրախավորվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին Գեղարքունիքի մարզում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ընթացքում ասաց Գնել Սանոսյանը։
Սանոսյանն ընդգծեց, որ ակնհայտ է, որ թշնամին մեր քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորել է։
«Այդ մասին է խոսում նաև քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների քանակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում կա չորս զոհ և վեց վիրավոր։ Բազմաթիվ ենթակառուցվածքներ, ընդ որում, տարբեր ուղղություններով և տարբեր ոլորտների՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց տներ կամ արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ, որոնք բավականին լայն աշխարհագրություն ունեն, համատարած բնույթ է կրել քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Կա նաև ջրամբարի հրթիռակոծման դեպք՝ Կեչուտի ջրամբարի մասին է խոսքը, շտապօգնության մեքենաների»,- ընդգծեց Սանոսյանը՝ արձանագրելով, որ հրթիռակոծվել է նաև Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն դեպի Իրան բավականին մեծ քանակով էլեկտրաէներգիա է արտահանում և կարող է թվալ, թե պատահաբար է հրթիռակոծվել էլեկտրահաղորդման գիծը, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ գծին՝ այն վերականգնելու, ամեն անգամ, երբ մասնագետները մոտենում էին գծին, հրթիռակոծում էին, ինչի հետևանքով մեր մասնագետները վերադառնում էին և, էլեկտրաէներգիայի ավելցուկի հետևանքով ստիպված եղանք Ատոմակայանի, Երևանի ՋԷԿ-ի հզորությունն իջեցնել։











