Երկակի ստանդարտներ ՀՀ հավաքականի դեմ. Սերժ Սարգսյանը նամակ է գրել ՖԻԴԵ–ի նախագահին

5

Շախմատի օնլայն օլիմպիադայի ժամանակ Հայաստանի հավաքականը առերեսվել է երկակի ստանդարտների կիրառման դատապարտելի երևույթին: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նման կարծիք է հայտնել ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը` ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին հղած նամակում։

«Իմ խորը մտահոգությունն ու անհանգստությունն եմ հայտնում ՖԻԴԵ-ի կողմից կայացված որոշումների առթիվ։ Անարդարության ցանկացած նշույլ մեծ հակադրում է առաջացնում շախմատային հանրույթի և շախմատիստների մոտ, և դա է եղել պատճառը, որ մեր թիմի անդամները որոշեցին չմասնակցել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղին»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` շախմատիստների դժգոհությունն ավելի սրվեց ՖԻԴԵ-ի՝ նույն իրավիճակում ընդունված երկու հակադիր որոշումների պատճառով։ ՖԻԴԵ-ն, ըստ Սարգսյանի, չհետևեց իր իսկ նախադեպային որոշմանը, խորապես չվերլուծեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի այն պնդումները, որ ինտերնետը հայկական կողմում չի ընդհատվել և ստեղծվել է իրապես ֆորս-մաժորային իրավիճակ։

Սարգսյանը նշել է, որ իրեն շատ է տխրեցրել նաև ՖԻԴԵ-ի որոշ պաշտոնյաների համացանցում դրսևորած վարքագիծը, որոնք իրավիճակը ներկայացրել են ոչ ամբողջական, աղճատված, ինչին հետևել է նաև հայ շախմատիստների արձագանքը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ շախմատիստներն իրենց կարծիքը հայտնելիս պետք է լինեն կոռեկտ, առանց էմոցիոնալ ձևակերպումների, բայց գտնում է նաև, որ ՖԻԴԵ-ն պետք է կրկնակի կոռեկտ գտնվի շախմատիստների նկատմամբ՝ չնսեմացնելով նրանց արժանապատվությունը։