Ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հատնում է ՔԿ-ն:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչն իր աշխատասենյակում նույն բաժանմունքում բուժվող հիվանդի ծնողներին՝ իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել, որի ընթացքում վերջինիս հայրը՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը, վիճաբանության մեջ է մտել բժշկի հետ՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներից: Վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել բժշկի նկատմամբ. գլխով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս քթին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:














