Էրդողանի առաջարկած «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում

32

Թուրքիայի նախագահի կողմից առաջարկած «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում։ Այդ մասին Իսլամաբադում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանը պատրաստվում է մասնակցել այդ ձևաչափին։

Չավուշօղլուի խոսքերով՝ սպասվում է, որ Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով հարթակի հաջորդ հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը։ «Մենք հանդիպում ենք ունեցել Մոսկվայում, բայց Վրաստանը չի մասնակցել դրան։ Սակայն հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում, և մենք սպասում ենք դրան Վրաստանի մասնակցությունը»,- նշել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ առավոտյան հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ «Ինչպես միշտ, մենք հանդիպել ենք եղբայրական Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և մտքեր փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, մասնավորապես Հարավային Կովկասի վերաբերյալ»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Չավուշօղլուն նաև հավելել է, որ թուրքական կողմը քննարկում է Երևանի հետ օդային հաղորդակցության հարցը, սակայն դեռևս վերջնական որոշում չկա, թե որ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի։ Ընդ որում, Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, ավիահաղորդակցության գաղափարը եղել է հայկական կողմինը։