Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին հայտարարել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
«Զանգեզուրի միջանցքը կդառնա կարևոր հնարավորություն ողջ տարածաշրջանի համար։ Նախատեսվող ավտոմոբիլային և երկաթուղային գծերն առևտրային և տնտեսական հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- Էրդողանի խոսքը մեջբերել է պարբերականը։
Ըստ նրա՝ Ադրբեջանում արդեն իսկ իրականացվում են մեծ աշխատանքներ այդ միջանցքի բացման ուղղությամբ։ «Իհարկե, հայկական կողմը ևս պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ մտքերի անկեղծ և արդյունավետ փոխանակություն է եղել։ Էրդողանի խոսքերով՝ Պուտինը ցանկացած պահի պատրաստ է քննարկել «Վեցի հարթակ»-ի ստեղծման հարցը։











