Էրդողանը խոսել է Չեխիայում Նիկոլ Փաշինյանի հետ հավանական հանդիպման մասին

68

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենա Չեխիայում։ Հաղորդում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ հանդիպումն այս պահին պլանավորման փուլում է։

«Այս պահին քննարկում ենք Եվրոպական քաղաքական համայնքի Պրահայում սպասվող առաջիկա հանդիպման մասնակցության մասին։  Եթե մենք որոշենք Չեխիա գնալ, ապա հավանական է, որ այնտեղ կլինի նաև Փաշինյանը։ Հայկական կողմը նախկինում առաջարկել էր այդ հարթակում հանդիպման մասին։ Հավանաբար մենք հնարավորություն կունենանք այնտեղ քննարկել այդ հարցերը։ Բացի այդ, Կովկասի հարցերով մենք ևս, միանշանակ, նախաձեռնություններ կունենանք։  Այս պահին հանդիպումը պլանավորման փուլում է։ Ես այս հարցերը կքննարկեմ իմ եղբայր Ալիևի հետ և դրանից կախված քայլեր կձեռնարկենք»։

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը սպասվում է հոկտեմբերի 6-7-ը Պրահայում։ Հանդիպմանը կհրավիրվեն ԵՄ անդամ 27 պետությունները, Արևմտյան Բալկանների վեց երկրները, ինչպես նաև Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը։