Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց հետնորդներին:
«Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացվի թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրամյակների ընթացքում և օրինակ համարվել ամբողջ մարդկության համար: Հարգում եմ Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը, ցավակցում եմ նրանց թոռներին», – ասվում է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղված Էրդողանի ուղերձում:
Ըստ ուղերձի, իբրև թե Էրդողանը կոչ է արել զարգացնել կապերը Հայաստանի հետ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները պաշտոնապես ճանաչել է որպես Ցեղասպանություն:














