Էրդողանի ցանկացած խնդրանք, անվերապահորեն, Բելառուսն իրականացնում է․ Լուկաշենկո

128

Թուրքիան Բելառուսի ամենաբարեկամ երկրներից մեկն է։ Այդ մասին թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է БелТА-ն։

Լուկաշենկոյի խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցությունն զարգանում է մի քանի ուղղություններով, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում։

«Մենք մոտեցել ենք մեկ միլիարդ դոլար առևտրաշրջանառության։ 2020 թվականին եղել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Հիմա 2020 թվականի հետ համեմատած առևտրաշրջանառությունն ունի շատ լուրջ աճ»,- նշել է Լուկաշենկոն։

Ըստ Բելառուսի նախագահի, Բելառուսի ու Թուրքիայի դիրքորոշումները բազմաթիվ հարցերում համընկնում են։

«Մենք աջակցում ենք միմյանց։ Թուրքիան Բելառուսի ամենաբարեկամ երկրներից մեկն է։ Արտաքին գործերի նախարարությունը, դրա ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն միջազգային բոլոր հարթակներում աջակցում են Բելառուսին։ Այդպես էլ մենք ենք աջակցում Թուրքիային»,- նշել է Բելառուսի նախագահը։

Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմամբ՝ ինքը անձնական լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ։

«Ռեջեփ Էրդողանի ցանկացած խնդրանք, անվերապահորեն, եթե դա հնարավոր է, Բելառուսն իրականացնում է։ Նույնն էլ մենք տեսնում ենք Թուրքիայի պարագայում։ Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ղեկավարությանն այն սկզբունքային դիրքորոշման, այն պարկեշտ դիրքորոշման համար, որը նա ցուցաբերում է մեր՝ Բելառուսի նկատմամբ»,- ընդգծել է Լուկաշենկոն։