ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին, ովքեր բողոքում են այս փուլում կիրառվող սահմանափակումներից։
«Ես ցանկանում եմ հղում կատարել Ռուսաստանի կաավարության՝ մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակում կարող են այցելել Ռուսաստանի Դաշնություն։ Դրանք են ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները»,- պարզաբանեց Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսական կողմի հետ աշխատանքներ տանել՝ ինչպես ՌԴ ու ՀՀ միջև կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների արգելքի չեղարկման ուղղությամբ։ «Այս պահին որևէ ժամկետներ չեմ կարող հայտնել»,- ասաց նա։











